St. Leon Church "Sound of Children" Summer Camp Click Here to lean more
ՍՈՒՐԲ ԳՐՔՈՒՄ ԿԱ՞Ն ԱՐԴՅՈՔ ԱՍՏԾՈ ԲԱՆԱՎՈՐ ԽՈՍՔԻ ԴՐՍԵՒՈՐՈՒՄՆԵՐ
Ծննդոց գրքի առաջին համարներից սկսած` մենք բազմիցս հանդիպում ենք «Եւ Աստված ասաց» արտահայտությանը։ Սա լավագույն վկան է այն ճշմարտության, որ Աստված Իր հաղորդակցությունը նախապես կատարեց բանավոր խոսքի միջոցով։
Ավելին, Առաջին մարդկանց՝ Ադամի եւ Եւայի, հետ ունեցած Աստծո առաջին հաղորդակցությունը նույնպես եղավ բանավոր խոսքով (Ծննդ․ 3։9-13)։ Բանավոր խոսքի նախապատվությունը շարունակվեց նաեւ հաջորդ հազարամյակներում, երբ Աստված մարդկանց հետ նախընտրեց խոսել բանավոր խոսքով՝ նախահայրերի միջոցով։
Ի վերջո, մարդ անհատն ինքը, ինչպես առաջին մարդկանց շրջանում՝ այնպես էլ այսօր, սովորում է հաղորդակցվել բանավոր խոսքով եւ հետո է, որ սկսում է տիրապետել գրավոր լեզվին՝ գրելուն եւ կարդալուն։ Ուրեմն, ակնհայտ է, որ բանավոր խոսքը առաջնային տեղ է գրավել եւ այսօր էլ գրավում է, թե Աստված-մարդ եւ թե մարդ-մարդ փոխհարաբերություններում։
ՆԿԱՏԵԼԻ՞ Է ԱՐԴՅՈՔ ԲԱՆԱՎՈՐ ԽՈՍՔԻ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ՈՒԽՏՈՒՄ
Նոր Ուխտում (Նոր Կտակարան) մեր Տերը խոսեց ու Իր վարդապետությունը քարոզեց բացառապես բանավոր լեզվով։ Նա խոսում էր մարդկանց, ոչ թե բարդ եւ վերամբարձ ոճով, այլ՝ պարզ եւ հասկանալի եւ միեւնույն ժամանակ՝ ազդու․ «Ոչ մի մարդ երբեք այնպես չի խոսել, ինչպես այս մարդը» (Հովհ․ 7։46)։
Արդար է շեշտել, որ Հիսուս անտեղյակ չէր գրավոր լեզվին, Նա կարդում եւ մեջբերում էր մարգարեական գրվածքները (Հովհ․ 7։15) եւ գիտեր գրել, քանզի ավետարանի վկայությամբ մատով գրում էր գետնի վրա երբ հրեաները քարկոծելու համար Իր մոտ էին տանում անառակ կնոջը (Հովհ․ 8։5-7)։ Այս դեպքը սակայն, եղավ Հիսուսի կողմից գրելու միակ հիշատակությունը։
Պողոս առաքյալը, որ գրավոր խոսքի մեծագույն վարպետ էր, եւ ում գրավոր խոսքը հսկայական ազդեցություն է թողել ամբողջ աշխարհի մարդկության վրա, իր նամակներում բազմիցս նշում է անձնական ներկայության եւ բանավոր խոսքի առավելության մասին (Հռոմ․ 1։10-14, Բ․ Կորնթ․ 13։2, եւ այլն), քանի որ բանավոր խոսքի միջոցով ստեղծված անմիջական կապն ու շփումը (Խոսելու ձայնային ելեւեջները, տարբեր ոճերի օգտագործումը, ընթացքում հայացքների փոխանակումը, - eye contact, վստահության ներշնչումը եւ այլն) շատ ավելի մեծ ազդեցություն է թողնում մարդու վրա։ Առաքյալը հստակ շեշտում է․ որ Աստծո կենդանի ու սրբազան Խոսքը տարբերվում է դատարկ խոսքերից եւ մեջ ունեցած զորությամբ (Ա․ Կորնթ․ 4։19-20)։ Քանզի․ «Կենդանի է Աստծո խոսքը, ազդու եւ ավելի հատու քան ամեն մի երկսայրի սուր․ եւ կտրում անցնում է մինչեւ ոգու եւ հոգու հոդերի եւ ողնածուծի բաժանման սահմանները, նա քննում է սրտի մտածումները եւ խորհուրդները»։ (Եբրայեցիս 10։17):
Ուրեմն, եկեք չմոռանանք, որ․ «Հավատը լսածից է եւ լսուածը՝ Քրիստոսի խոսքից»
Ի՞ՆՉ ԴԵՐ ՈՒՆԻ ՍՐԲԱԶԱՆ ԲԱՆԱՎՈՐ ԱՎԱՆԴՈՒԹՅՈՒՆԸ ՔՐԻՍՏՈՍԻ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ՄԵՋ
Առաջնային: Շեշտենք, որ եկեղեցիները հիմնականում հիմնադրվում էին բերանացի եղանակով, քանի որ սրբազան գրականությունը գրեթե բացակայում էր նախնական եկեղեցու կյանքում, իսկ եթե կար էլ, ապա շատ քիչ օրինակներով: Մերօրյա քրիստոնյաների համար դժվար է պատկերացնել մի Եկեղեցի կամ նույնիսկ տուն, որը չունենա իր Սբ. Գիրքը, սակայն այդպիսին էր իրավիճակը առաքելահաստատ Եկեղեցում: Եկեղեցիները հիմնականում զրկված էին սրբազան գրականությունից՝ թանկության և ձեռագրերի դանդաղ բազմացման պատճառով: Այսպես, մի ձեռագրի ընդօրինակման համար (Ավետարան կամ Պողոսի թղթեր) հարկավոր էր լինում հարյուրավոր և անգամ հազարավոր կենդանիների մշակված կաշի (մագաղաթ) ունենալ, ինչը չէին կարող ապահովել անգամ շատ իշխաններ:
Եկեղեցիներում ձեռագրերի խիստ սղության լավագույն ապացույց է Պողոս առաքյալի խնդրանքը՝ Տիմոթեոսին. «Երբ գաս հետդ բեր նաև գրքերը, մանավանդ՝ մագաղաթները» (Բ. Տիմ. 4:13): Այս խնդրանքից ակնհայտ է դառնում, որ Հռոմի նման կարևոր եկեղեցում անգամ, (համաձայն մասնագետների՝ այս նամակը առաքյալը գրել է Հռոմում) քիչ հասանելի՝ չասելու համար, թէ անգտանելի էին գրքերը, «մանավանդ մագաղաթները»: «Մագաղաթ» բառի շեշտված լինելը ցույց է տալիս նրա քրիստոնեական բնույթը, քանի որ քրիստոնյաներն էին, որ իրենց գրքերը գրելու համար սկսեցին օգտագործել մագաղաթը (մինչև քրիստոնեական գրականության ի հայտ գալը, մարդիկ հիմնականում գրում էին պապիրուսների վրա):
ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՏԱՐՎԵՑ ԱՌԱՋԻՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԶԱՐԳԱՑՈՒՄՆ ՈՒ ՏԱՐԱԾՈՒՄԸ
Այս հարցին սպառիչ պատասխան տալու համար նախընտրում ենք կրկին օգտվել Աստվածաշունչ Մատյանից: Հեթանոսաց առաքյալը Տիմոթեոսին ուղղված պատվիրաններից մեկում հրահանգում է. «Ինչ որ լսեցիր ինձնից բազում վկաներով ավանդիր այն հավատարիմ մարդկանց, որ կարող լինեն ուրիշներին ուսուցանել» (Բ. Տիմ. 2:2): Պողոս առաքյալի ճշմարիտ վարդապետությունը՝ այն ինչ որ Տիմոթեոսը լսեց բազում վկաներով, չտարածվեց գրավոր եղանակով: Կանոնական և ոչ մի գրություն չունենք Աստվածաշնչում, որը պատկանի Տիմոթեոսի գրչին: Սակայն համոզված են որ Տիմոթեոսը Աստծո Սրբազան Ավանդությունը բերանացի փոխանցեց մյուսներին և հիմնեց նորանոր եկեղեցիներ:
Փաստորեն, այս համարը բացահայտում է, թէ ինչպես Խոսքի միջոցով կատարվեց Եկեղեցու աստիճանական տարածումը:
Բանավոր Ավանդության նախապատվությունը տեսանելի է նաև հաջորդ դարերում՝ մանավանդ Եկեղեցու սրբազան հայրերի գրվածքներում: Այսպես, սբ. Կյուրեղ Երուսաղեմացին (5-րդ դար) հրահանգում է ասելով. «Ցանկանում եմ, որ ավանդածս [հավատի] ամփոփումը երկուսդ էլ հիշեք և ձերոնց մեջ պատմեք ամենայն ջանասիրությամբ, ոչ թե թղթի վրա գրելով, այլ հիշողությամբ ամրագրելով ձեր սրտերում»: